Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

3D համակարգչային տոմոգրաֆիան ստոմատոլոգիայում

3D համակարգչային տոմոգրաֆիան ստոմատոլոգիայում

Հինգերորդ սերնդի Morita համակարգչային տոմոգրաֆիան Արեգակ ստոմատոլոգիական կլինիկայում:

Ծնոտի համակարգչային տոմոգրաֆիան ռենտգեն-ախտորոշիչ այլ մեթոդների համեմատ անվիճելի առավելություններ ունի, քանի որ եթե ատամների սովորական ռենտգենի ժամանակ կարող ենք ստանալ հետազոտվող օբյեկտի միայն մակերեսային պատկերը, ապա համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ սքանավորվում է ամբողջական եռաչափ օբյեկտ:


Morita սարքի վրա ատամնաբուժական համակարգչային տոմոգրաֆիան թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում (20 վայրկյան) իրականացնել ատամների և սինուսային խոռոչների համակցված հետազոտություն, որոշել ստործնոտային նյարդի տեղայնացումը (տոպոգրաֆիան): Ընդ որում, ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման հաշվին ճառագայթման չափը բավականին նվազեցված է, ինչը թույլ է տալիս տվյալ հետազոտությունը ծառայեցնել ո՛չ միայն ախտորոշմանը, այլև բուժման որակի հսկողությանը:


Ինչի՞ համար է անհրաժեշտ համակարգչային տոմոգրաֆիան


Ատամների և ծնոտների համակարգչային տոմոգրաֆիայի կիրառման ցուցումներն են.

 

  • ատամների և ծնոտների վնասվածքներ,

  • ատամների և ծնոտների զարգացման արատներ,

  • վերծնոտային խոռոչների հիվանդություններ,

  • վիրահատություններին, այդ թվում՝ իմպլանտացիային, պատրաստվելը,

  • արմատախողովակների բուժումից հետո բարդություններ,

  • օրթոդոնտիկ բուժման պլանավորում,

  • թերապևտիկ բուժման պլանավորում,

  • օրթոպեդիկ բուժման պլանավորում,

  • իրականացված բուժման որակի հսկողություն:


Morita համակարգչային տոմոգրաֆիայի սքաների վերջին մոդելը Լոնդոնում տեղի ունեցած Կլինիկական հետազոտությունների կենֆերանսում ստացել է InnovationAward մրցանակ: Մրցանակը տրվում է ատամնաբուժական շուկայում ամենանորարական արտադրանքին:
Veraviewepocs 3D-R100 մրցանակ է ստացել ողջ ատամնաշարի հեղաշրջումային դիտարկման դաշտի ստեղծած հնարավորության համար (Ռյոլեի եռանկյունի): Բնական ատամնաշարի կառուցվածքին նման լինելու շնորհիվ այցելուի ճառագայթման չափը նվազում է 15%-ով՝ սովորական 100 մմ գլանաձև սքանավորման հետ համեմատած: Ականավոր բժիշկներից կազմված փորձագետների խումբը որոշել է, որ այս առաջընթացը «հզոր խթան է այցելուների անվտանգության բարձրացման համար»: Նրանց որոշման համաձայն Veraviewepocs 3D-R100 հրաշալի առաջընթաց է, ինչը բարձրացնում է հանգամանալից ախտորոշում իրականացնելու և բուժման պլանավորման իսկությունը: Դա ստոմատոլոգներին հնարավորություն է տալիս ստանալու առանց աղավաղումների բարձր պարզությամբ ռենտգենոգրամներ: Ցանկացած կոնաճառագայթային տոմոգրաֆով հետազոտման դեպքում այցելուի միջին ճառագայթումը կազմում է 45 մԶվ, այսինքն, կլինիկապես գրանցվող վնաս հասցնելու համար անհրաժեշտ է ավելի քան վեց հազար վեց հարյուր անգամ տոմոգրաֆիա անցնել, իսկ սարքը վնասելու համար կատարել յոթ հազար ութ հարյուր միջամտություն:


Ապրե´ն ճապոնացիները:
 
Ի°նչ է օրթոպանտոմոգրամման և ինչի° համար է այն անհրաժեշտ


Օրթոպանտոմոգրամման (ատամնածնոտային համակարգի համայնապատկեր) ախտորոշիչ ռենտգենոգրաֆիայի տարատեսակներից է: Ատամնաբուժությունում այն առանցքային նշանակություն ունի. բուժման շատ տեսակներ չի կարելի սկսել առանց այս մեթոդով ախտորոշման: Հետազոտման այս տիպի վնասարարության մասին տարածված կարծիք կա: Իրականում, նույնիսկ ֆիլմային օրթոպանտոմոգրամի ճառագայթման ծավալն այնպիսին է, որ ամբողջ ամսվա ընթացքում ամեն օր կարելի է համայնապատկերներ կատարել՝ առողջությանը շոշափելի վնաս չպատճառելով: Իսկ թվային սարքերի ճառագայթումը մի քանի անգամ ցածր է ֆիլմայինից, և ստացվող ճառագայթման չափն ավելի փոքր է, քան կենթարկվեք երկժամյա օդային ճանապարհորդության ընթացքում:


Ե°րբ է անհրաժեշտ օրթոպանտոմոգրամման


Սկզբունքորեն, այն միշտ էլ հարկավոր է՝ պրոթեզավորման, օրթոդոնտիկ և ընդհանրապես ատամների հետ կապված ցանկացած հիվանդության բուժման ժամանակ, վիրաբուժությունում և իմպլանտոլոգիայում, համայնապատկերների արժեքն անհնար է թերագնահատել նույնիսկ ռինոլոգիայում պարանազալ խոռոչների հետազոտման ժամանակ: Սակայն, որոշ դեպքերում միայն օրթոպանտոմոգրաֆիայով կողմնորոշվել չի կարելի, քանի որ ծավալային պատկերները տեղափոխում ենք հարթության վրա, որի պարագայում հնարավոր են աղավաղումներ: Բայց ամեն դեպքում օրթոպանտոմոգրաֆիան հարկավոր է դիտել որպես առաջնային ռենտգենոլագիական հետազոտություն, ինչի արդյունքների հիման վրա մարտավարություն է կազմվում ինչպես հետագա՝ ավելի խորացված ախտորոշման, այնպես էլ գրագետ բուժման գործընթացում:


Ի°նչ է վիզիոգրաֆը և ո°րն է  դրա դերը ատամների բուժման գործընթացում


Վիզիոգրաֆի օգնությամբ կատարված ատամի պատկերն, ըստ էության, «ատամի թվային ռենտգենոգրամման» է, որն արտացոլվում է համակարգչի էկրանին: Այն փաստը, որ, ի տարբերություն ռենտգենյան պատկերների, այս դեպքում պատկերն էկրանին հայտնվում է անմիջապես, առանց նախնական մշակման, 10-16 անգամ նվազեցնում է ռենտգենյան ծանրաբեռնվածությունը: Վիզիոգրաֆի օգնությամբ կատարված թվային հետազոտության յուրահատկությունն այն է, որ մեկ պատկերն իր մեջ պարունակում է ինչպես առանձին ատամների, այնպես էլ ատամի շուրջը գտնվող ոսկրային հյուսվածքի վիճակի մասին տեղեկատվություն: Նկարին նայելով կարելի է ամբողջությամբ պատկերացում կազմել ատամի վիճակի մասին, որի վրա տեսանելի են բոլոր լիցքերը, ատամի մակերեսի բոլոր թերությունները: Շատ հաճախ միայն վիզիոգրաֆի տվյալներով կարելի է որոշել ոսկրային հյուսվածքի ախտահարման մակարդակը, հայտնաբերել պարօդոնտի հյուսվածքում նոր սկսվող բորբոքային գործընթացները, բացահայտել ցանկացած՝ առաջին հայացքից աննկատ փոփոխությունները:

Ցեֆալոմետրիա


Ցեֆալոմետրիայի հիմունքներին տիրապետելը օրթոդոնտներին, դիմածնոտային վիրաբույժներին, իմպլանտոլոգներին, օրթոպեդներին և թերապևտներին կարող է օգնել արագ կողմնորոշվելու այցելուի խնդիրներում: Այսպես, օրինակ, օրթոդոնտային բուժման հնարավորությունների և սահմանափակումների իմացությունն օրթոդոնտին թույլ է տալիս իր առջև հստակ խնդիրներ դնել իմպլանտացման և պրոթեզավորման համար նախապատրաստական միջոցառումներ անցկացնելիս:


Ցեֆալոմետրիայի հիմքում ընկած են անթրոպոմետրիկ համամասնությունները:


Ցեֆալոմետրային հետազոտությունը թույլ է տալիս լայնացնել ատամնաբուժական խնդիրները հասկանալու սահմանները:


Ի°նչ է տելեռենտգենոգրաֆիան
 
Տելեռենտգենոգրաֆիան (հուն. Tele- հեռու) ռենտգենոգրաֆիայի տեսակ է, որը հնարավորություն է տալիս  ստանալու հետազոտվող օբյեկտի չափսերին մոտ ռենտգենային պատկեր մեծ տարածությունից: Օրթոդոնտիոլոգիայում ախտորոշման համար  օգտագործում են  գանգի տելեռենտգենոգրաֆիան: Բժիշկ-օրթոդոնտին տվյալ պատկերն անհրաժեշտ է ցեֆալոմետրիայի համար:


Ի°նչ է ցեֆալոմետրիան


Ցեֆալոմետրային հետազոտությունն ատամների, ծնոտների և դիմային գանգի չափսերի ու տարածական հարաբերությունների գնահատումն է: Մանկական օրթոդոնտոլոգիայում ցեֆալոմետրիայի կիրառումը հնարավորություն է տալիս որոշել ատամնածնոտային համակարգի առանձին տարրերի աճի ցուցանիշները, ինչը թույլ է տալիս կանխորոշել տարբեր խանգարումների հայտնվելը և ժամանակին կանխարգելիչ բուժում իրականացնելը: Ցեֆալոմետրիայի համար հիմնական ամենածավալուն տեղեկությունը բժիշկը ստանում է գանգի տելեռենտգենոգրամմի հետ աշխատելիս: 

 

Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա

ՀԱՍՑԵ     Հայաստան, 0012, Երևան, Վահրամ Փափազյան փող., շենք 16
ՀԵՌԱԽՈՍ     +374 10 27 84 64, +374 10 21 01 58
ԷԼ. ՀԱՍՑԵ     [email protected]
ՎԵԲ  ԿԱՅՔ     http://mis-armenia.am/

 

Սկզբնաղբյուր. www.aregak.com
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. artestom.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ